2013/10/28

Էկոհամակարգի կառուցվածքը


Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները`
·         անօրգանական նյութեր (H2O, CO2, N2, C և այլն),
·         օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան  բաղադրիչների միջև,
·         օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ,
·         պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլոր օրգանիզմների համար,
·         կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով: Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում: Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար  հատուկ սպիտակուցների և այլ նյութերի:
·         ռեդուցենտներ, քայքայող օրգանիզմներ են (հիմնականում բակտերիաները և սնկերը), որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:
Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով): Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը: Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված,  <<ինքնապարփակ>>  ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների  ու թափոնների կուտակման: Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ  փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:
Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է: Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր:
Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա:
Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որ էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն: Այդ պատճառով էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները` բիոմները: Բիոմները էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները: Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%-ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատնրը` ¼-ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%-ը:
Փաստորեն, էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա: Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրների նպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը:
Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքից ու նյութերի շրջապտույտից, բնութագրվում են նաև զարգացած տեղեկատվական ցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում են ֆիզիկական և քիմիական ազդանշանների հոսքերը: Դրանք կապում են համակարգի բոլոր մասերը և ղեկավարում կամ կարգավորում դրանք որպես ամբողջություն: Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ էկոհամակարգերն ունեն կիբեռնետիկական բնույթ և, ի տարբերություն մարդու կողմից ստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթները կենտրոնացնում են հենց իրենց մեջ: Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող է իրականացվել ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներով և բաղադրիչները) բարձրացնում է համակարգի կայունությունը: Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:



0 Մեկնաբանություն:

Отправить комментарий